Հանրահայտ բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբելը դատական հայց է ներկայացրել The Daily Telegraph պարբերականի դեմ, որը հոդված էր հրապարակել Հնդկաստանում ռուս օլիգարխ Վլադիսլավ Դորոնինի ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ փղերի վրա պոլոյի մրցույթ կազմակերպելու վերաբերյալ, հայտնում է Life News Online-ը:
Ըստ հայցի, որն ուղարկվել է Լոնդոնի բարձրագույն դատարան, հոդվածը վնասել է մոդելի հեղինակությանը, որը հայտնի է կենդանիների հետ դաժան վերաբերմունքի դեմ պայքարին իր ակտիվ մասնակցությամբ:
«Ճշմարտությունն այն է, որ փղերի մասնակցությամբ ոչ մի մրցույթ տեղի չի ունեցել: Միսս Քեմբելը բախվել է սուր քննադատությունների իր հասցեին: Նա նույնիսկ չի պատկերացնում, թե որտեղից են հայտնվել այդ պնդումները»,- ասել է մոդելի շահերը ներկայացնող փաստաբան Գիդեոն Բինեյմը:
The Daily Telegraph-ի ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել Նաոմի Քեմբելի հետ հակասությունը:
42-ամյա մոդելն իր սիրելիի` բիզնեսմեն Դորոնինի համար Հնդկաստանի էկզոտիկ Ջայպուր քաղաքում նոյեմբերի սկզբին «դարի խնջույքն» էր կազմակերպել:
Տոնակատարությունը, որը ներառել է ավանդական հնդկական երեկո և 1930-ականների բարձրաշխարհիկ երեկույթ-դիմակահանդես, անցկացվել է միջնադարյան դղյակում և հինգաստղանի հյուրանոցում:
Զույգի անվանի հյուրերի թվում են եղել Քեյթ Մոսը, Եվա Հերցիգովան, Կարոլինա Կուրկովան և շատ այլ հայտնի դեմքեր: Ներկաներին իր երգով ուրախացրել է Դայանա Ռոսը:
Ամեն դեպքում, շքեղ տոնն ավարտվել է սկանդալով, երբ քաղաքի իշխանությունները ձերբակալել են կազմակերպիչներից մեկին` նրան մեղադրելով աղմուկի սահմանված չափը գերազանցելու համար:









































