«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
– Պարոն Թոքմաջյան, մեկնարկեց նոր ուսումնական տարին: Այս տարի քանի՞ ուսանող է ընդունվել ՀՊՃՀ:
– ՀՊՃՀ ընդունվել է մոտ 900 ուսանող՝ շուրջ 20 տոկոսով պակաս մեր պլանավորածից: Սա կապված է ոչ միայն դպրոցների շրջանավարտների պակասի հետ, որը մյուս տարի ավելի շատ կլինի, այլև ոչ բավարար նախապատրաստական աշխատանքների հետ: Մենք պետք է փորձենք առաջին հերթին զարգացնել ավագ դպրոցը, և այս տարի արդեն 14 ավագ դասարանի ընդունելություն ենք կատարել՝ ընդունելով 300-ից ավելի աշակերտների, ովքեր հետագայում կլինեն մեր պոտենցիալ դիմորդները:
Գիտեք նաև, որ ինժեներական մասնագիտությունների գծով կա պակաս հետաքրքրություն: Ինժեներական կադրերը թեև աշխատատեղեր ունեն, բայց աշխատավարձերը ցածր են, և գործատուները դեռևս չեն եկել այն եզրակացության, որ իրենց լավ մասնագետներ են անհրաժեշտ՝ հետագա զարգացման համար: Մենք լրջորեն պետք է աշխատենք նաև այս սեկտորի հետ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ տեխնիկական բուհերի բյուջեի մի ստվար զանգված համալրում են հենց իրենք՝ գործատուները: Այսօր գործատուների հետ կապը բավական թույլ է: Բացի թվարկածս խնդիրներից՝ կան բազմաթիվ այլ խնդիրներ ևս: Սա գործընթաց է, մենք այս գործընթացը պլանավորել ենք, և հույս ունենք, որ առաջիկայում վիճակն ավելի լավ կլինի, քան այս տարի:
– Պարոն Թոքմաջյան, 74 թվականից հետո ծնված դասախոսները Կուտակային կենսաթոշակային նոր օրենքի պատճառով տարբեր բուհերից հեռացման դիմումներ են ներկայացնում: Քանի՞ դասախոս է ՀՊՃՀ-ում հեռացման դիմում ներկայացրել:
– Բուհում կա 74 թվականից հետո ծնված մոտ 400 աշխատակից: Քիչ են դասախոսները, ովքեր իրենց դիմումի համաձայն դուրս են եկել, որովհետև գիտխորհրդի որոշմամբ՝ փոխհատուցում ենք տալիս հավելավճարային ձևով, որպեսզի աշխատողները չտուժեն: Խնդիր է առաջանում, երբ մարդը աշխատում է մեզ մոտ և միաժամանակ նաև մասնավոր սեկտորում: Այս խնդիրը մենք բարձրացրել ենք, բոլոր ռեկտորներն են այս խնդիրը բարձրացրել, և կարծում եմ՝ կարող ենք լուծել պետության աջակցությամբ: Այդ խնդիրը լուծելուց հետո մեր բուհում հարցը, ըստ էության, լուծված կլինի: Ռեկտորների խորհրդով ներկայացրել ենք խնդիրը և ակնկալում ենք քայլեր, որոնցով հնարավոր կլինի լուծումներ գտնել:
– Երեկ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նոր իրավական ակտ կընդունվի, որը կլուծի երիտասարդ դասախոսների սոցվճարի հետ կապված խնդիրները: Ըստ Ձեզ՝ սա կկանխի՞ երիտասարդ դասախոսների «արտագաղթը» բուհերից:
– Վարչապետի քայլը ողջունելի է և այն էապես կփոխի իրավիճակը: Այն կնպաստի երիտասարդ դասախոսների համալրումը բուհական համակարգում, ինչը կարևորագույն խնդիր է:
– Այս տարի կրճատումներ չեղա՞ն բուհում:
– Չեղան, ինչպես և խոստացել էինք: Չնայած, եթե հիշում եք, որ քչերն էին հավատում դրան, այդ թվում ձեր լրատվականում: Հուսով եմ, որ ապագայում մամուլն ավելի զգույշ կգտնվի իր կանխատեսումներում: Ընդ որում, կրճատումներ չեղան այնպիսի ծանր իրավիճակում, երբ քսան տոկոսով նվազել էր առաջին կուրսում ուսանողների ընդունելության թիվը: Կրճատումներ չեղան, որովհետև մենք կարծում ենք, որ գլխավորը՝ մարդկային կապիտալն է, մարդն է ստեղծում բարիքը. մեր բուհը դրանով է առաջնորդվում, և դրա համար մենք խուսափեցինք կրճատումներից: Մի քիչ դժվար էր, մի քիչ գոտիները ձգեցինք, տարբեր ռեսուրսներ գտանք, բայց փաստը մնաց փաստ՝ ռեկտորատը կատարեց այն, ինչ խոստացել էր, և կրճատումներ չեղան: Իհարկե, համալսարանը գնում է դեպի երիտասարդացում, և մենք այս ուղղությունը պետք է առաջ տանենք՝ առանց վնասելու մեր ավագ գործընկերներին, որոնք կարող են օգտակար լինել: Աշխատանքից ազատման խնդիր կարող է լինել միայն որակի չհամապատասխանեցման դեպքում, կամ եթե կոռուպցիոն ռիսկեր նկատվեն: Միայն այդպիսի հատուկ դեպքերում կարող են ազատվել. համալսարանն այդպիսի քաղաքականություն է որդեգրել:
Լուսանկարը՝ Pan Photo-ի











































