The Beatles խմբի նախկին անդամ Ռինգո Սթարը քննադատել է բրիտանական ջիհադիստների «բիթլյան» մականունները՝ գրում է London Evening Standard-ը: Երաժշտի խոսքով՝ ինքը վշտացած է, որ Ջիհադի Ջոն մականունը կրող իսլամիստի առաջնորդած խմբավորումն ասոցացվում է լիվերպուլյան խմբի անդամների անունների հետ:
«Այն, ինչ նրանք անում են, հակասում է այն ամենին, ինչի համար հանդես է եկել The Beatles-ը»,- թերթին ասել է Սթարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին սպանողը կարող է լինել բրիտանական ջիհադիստների խմբավորումից, որն անվանվել է «ի պատիվ» The Beatles խմբի: Նշվում էր նաև, որ լրագրող Սթիվեն Սոթլոֆին մահապատժի ենթարկողը կարող է Ֆոուլիին սպանողը լինել՝ բրիտանական ծագմամբ ահաբեկիչ Ջիհադի Ջոնը:
Սթարն ասել է, որ ինքը չի կարող խանգարել՝ օգտագործելու The Beatles-ի կամ խմբի անդամների անունները, սակայն ընդգծել է, որ «բիթլները» միշտ աջակցել են «խաղաղությունն ու սերը»:







































