ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադևոսյանը, անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե նախագահական ընտրություններից հետո չի բացառվում, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին առաջարկի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Եթե ժամանակը գա, և ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մաս կազմի, մեր գնահատականները կտանք»:
Նա նշեց, որ չի ցանկանում ենթադրություններ անել, քանի որ այս պահին այդ խնդիրն առանձնապես իրեն չի հետաքրքրում:
«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Շարմազանովը: Եթե սկսենք գուշակությունների ոլորտում քաղաքական գնահատականներ տալ, դա կդառնա անիմաստ գործ: Քաղաքականությունը կվերածվի գուշակությունների: Ժամանակը կգա, և եթե նման բան լինի, մեր գնահատականները կտանք»,- նկատեց Զոյա Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր բացառել, որ 2013-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո «Բարգավաճ Հայաստան»-ին կառաջարկվի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը:
«Այս փուլում հետընտրական պրոցեսների մասին որևէ հարց մեր օրակարգում դրված չէ. ոչ միայն ԲՀԿ-ի, այլև առհասարակ հետընտրական պրոցեսների մասին մենք կխոսենք և կքննարկենք ընտրություններից հետո»,- նշել էր Շարմազանովը:










































