«Ես շանս ունեմ հաղթելու, իմ մրցակիցն արդեն Վարդան Սեդրակյանը չէ: Իմ էլեկտորատը ազգային, ազգայնական զանգվածն է: Իմ նպատակն է հայավարի ընտրվել, ապրել և կառավարել երկիրը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է նախագահի թեկնածու Մարտիկ Սարգսյանը:
Նա նշել է, որ այս պահին աջակցող կուսակցություն չունի, բայց կան կուսակցություններ, որ հայտ են ներկայացրել: Հարցին, թե որտեղից իրեն նախագահական ընտրություններին մասնակցելու գումար, պատասխանել է. «Տվողը տալիս է»,- ապա մանրամասնել. «Համենայնդեպս, արտաքին քաղաքական ուժ չէ, դրսի տվողներ չեն, իմ ընտրողներն են»: Գումարի հարցը, ըստ նրա, ամենափոքրն է: իսկ եթե որոշի չառաջադրվել, 8 միլիոն դրամ ընտրագրավի գումարը կհատկացնի երիտասարդական, ազգայնական 8 ծրագրերի իրականացմանը:
«Ես մասնակցում եմ ընտրությունների, որ նախագահի պաշտոնը հայեցի դարձնեմ: Ոչ մեկը երբեք այս քայլին իզուր չի գնում»,- ասել է թեկնածուն:









































