Apple iWatch խելացի ժամացույցը, որի շնորհանդեսը սպասվում է սեպտեմբերի 9-ին, NFC տեխնոլոգիայի աջակցում կունենա, որն ապահովում է անկոնտակտ վճարումներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple iPhone 6-ը, որը ևս պետք է ներկայացվի սեպտեմբերի 9-ին, կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը NFC (near-field communication) չիպ կունենա: Այդ չիպի և մատնահետքերի Touch ID սքաների հաշվին, որն օգտագործվել է դեռ iPhone 5S մոդելում, օգտվողը կկարողանա ապրանքների համար վճարել մատի 1 հպումով:
Սակայն WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ նման տեխնոլոգիան հասանելի կլինի նաև Apple-ի կրելի սարքում: Այդպիսով օգտվողը կկարողանա խելացի ժամացույցի միջոցով վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց բանկային քարտի տվյալների միջոցով, որոնք կպահվեն Apple iTunes-ի համակարգում:
Թերթի տեղեկությամբ՝ iWatch-ը հասանելի կլինի 2 մոդիֆիկացիայով՝ 1,3 և 1,5 դյույմ անկյունագծով էկրանով: Սարքը նաև կունենա սենսոր տիրոջ առողջությանը և ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար: Apple-ը այս տեղեկությունը չի մեկնաբանել:










































