Սպառողների ասոցիացիան հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում` ճշտելու համար, թե արդյոք ցանկանո՞ւմ են Երևանի բնակիչները, որպեսզի երթուղային տաքսիները փոխարինվեն ավելի մեծածավալ փոխադրամիջոցներով: Հարցվողների մոտ 72 տոկոսը պատասխանել է «այո», 3.3 տոկոսը` «ոչ», 22 տոկոսը` նշել է, թե՝ միկրոավտոբուսները թող մնան, բայց շատ քիչ քանակով, իսկ մնացածը նշել են այլ պատասխան:
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Երևանի տրանսպորտի հեռանկարները» բրոշյուրը, որում ներկայացված է «Գործողություններ՝ ուղղված քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանը» ծրագիրը: Ըստ այդմ, ըստ բնապահպանության նախարարության 2008 թ. տվյալների, Երևանի օդային ավազանի աղտոտման հիմնական պատճառը (97%) տրանսպորտն է:
Երթուղային տաքսիները, որոնք այսօր կազմում են տրանսպորտի 80%-ը, ըստ Ա. Պողոսյանի, պետք է փոխարինվեն գերազանցապես էլեկտրական տրանսպորտով (տրոլեյբուս, մետրո, տրամվայ), ոչ թե «մղձավանջային բոգդաններով»:
«Ասում են` կառուցելու ենք մետրո: Ո՞վ չգիտի, որ կառուցելու եք: Կառուցելու եք այն ժամանակ, երբ հայ ազգը այլևս չի լինի: Որովհետև այդ ծրագիրը` կառուցելու մետրոյի երկու կայարան, 1990 թվից պատրաստ է»,- ասաց Ա. Պողոսյանը` հավելելով, որ չինական ավտոբուսները սալոնի տեսակետից շատ լավն են, բայց «չեն կարողանում նույնիսկ Բաղրամյան փողոցով վերև բարձրանալ»: «Այսինքն` տեսքով և մեջը նստելու տեսակետից պիտանի են, բայց տեղ չեն հասցնում»,- ասաց Ա. Պողոսյանը:











































