Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մեր սրտի տնակը» գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել էր հատուկ լրատվամիջոցների համար:
Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմում նկարահանվել են հայ և ռուս դերասաններ: Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Եկատերինա Ստրիժենովան և Մարիա Սյոմկինան: Ֆիլմի կոմպոզիտորն է Հայկոն:
Դերասան Խորեն Լևոնյանը ֆիլմում մարմնավորում է Արթուրին, որը երեք երեխաների հայր է, ով կնոջը կորցրել է վեց տարի առաջ՝ ծննդաբերության ժամանակ: Նա երեխաների հետ ապրում է Մոսկվայում: Աշխատանքի անցնելով գործարար կնոջ՝ Եկատերինայի մոտ և ունենալով հիփոթեքային պարտքեր, Արթուրը որոշում է մասնակցել մրցավազքի, սակայն մեքենայից որևէ բան չի մնում, քանի որ այն ամբողջովին ջարդվում է: Նույն ժամանակ Եկատերինայի հայրն է մահանում և կտակ է թողնում, ըստ որի՝ ամբողջ ունեցվածքը կմնա քույրերին մեկին, ով առաջինը կկարողանա ստեղծել 5 անձից բաղկացած ընտանիք՝ երեք երեխաներով:
Դեպքերը հետաքրքիր զարգացում են ունենում: Որոշում են կեղծ ամուսնություն կազմակերպել Արթուրի և Կատյայի համար, փոխարենը Կատյան խոստանում է մարել հիփոթեքային վարկը:
Արթուրը, Կատյան և Արթուրի երեք երեխաները գալիս են Հայաստան, որտեղ նրանց սպասում է Արթուրի հարուստ ընտանիքը:
«Թող այսպիսին տեսնեն Հայաստանը, թող հայ մարդուն ուժեղ տեսնեն, Գարեգին Նժդեհի նման, թող հայ մարդուն տեսնեն այս ընտանիքի նման համերաշխ, մարդկանց, ովքեր կարողանում են լուծել իրենց խնդիրները: Սա ընտանիքի մասին ֆիլմ է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց ռեժիսորը:
Ավելին՝ տեսանյութում:











































