Յելի համալսարանի (Կոննեկտիկուտ, ԱՄՆ) արվեստի պատկերասրահը (1832թ.) վերանորոգումից հետո վերաբացվել է: Վերանորոգումն արժեցել է 135 մլն դոլար: Ընդլայնված և նորացված պատկերասրահում ցուցանմուշները տեղավորված են 6500 քառակուսի մետր տարածքում՝ նախկին 3700 քառակուսի մետրի փոխարեն: Այժմ պատկերասրահը 3 մասնաշենք է զբաղեցնում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պատկերասրահի ընդլայնումը անհրաժեշտություն էր՝ կապված ցուցանմուշների թվաքանակի ավելացման հետ: 1998 թվականից մինչ օրս թանգարանին մոտ 57 հազար աշխատանք է նվիրաբերվել: Թանգարանի հավաքածուում ներառված է 185 հազար աշխատանք:
Թանգարան-պատկերասրահում բաժիններ կան՝ նվիրված աֆրիկյան մշակույթին, ամերիկյան դեկորատիվ արվեստներին, ԱՄՆ-ի, Միջերկրականի հնագույն արվեստներին, Ասիայի արվեստին, մետաղադրամներին ու մեդալներին, հնդկական և եվրոպական արվեստներին, ժամանակակից արվեստներին, լուսանկարներին և գծանկարներին:






































