ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհների հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են բյուջետային հարցեր, ավարտվել է առանց արդյունքի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք նման տեղեկության տարածման համար որպես հիմք նշում են սեփական աղբյուրները:
Օբաման և Բոհները հանդիպել են հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Սպիտակ տանը: Նրանց զրույցը շարունակվել է շուրջ մեկ ժամ: Հանդիպումից հետո նրանցից ոչ ոք լրագրողների հետ չի շփվել: Աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը մինչև Նոր տարի համաձայնության գալու հույս ունեն:
Հինգշաբթի` ավելի վաղ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ հանրապետականները կոնկրետ միջոցառումներ չեն առաջարկում բյուջետային խնդրի շուրջ, սահմանափակվում են միայն ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին ընդհանուր դիրքորոշմամբ:









































