Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ վերջին չորս տարիների համեմատ, 2012 թվականին իրենց ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ են տվել ռեկորդային քանակությամբ սպաներ՝ 1067 սպա: 232 սպա էլ պաշտոնաթող է արվել: Նշվում է, որ զինված ուժերը սեփական ցանկությամբ լքած սպաների ռեկորդային թիվը կարող է պայմանավորված լինել «Էրգենեկոն» և «Բալյոզ» գործերով:
2009 թվականին զինված ուժերը լքած սպաների քանակը կազմել է 903, 2010 թվականին՝ 374, 2011 թվականին՝ 843 սպա: Այս տարի իրենց ցանկությամբ զինված ուժերը լքել են 6 գեներալ/ծովակալներ, ինչպես նաև պաշտոնաթող է արվել 55 գեներալ/ծովակալ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին 4 տարում, ընդհանուր առմամբ, պաշտոնաթող է արվել 166 գեներալ/ծովակալ և սեփական ցանկությամբ զինված ուժերին հրաժեշտ է տվել 32 գեներալ/ծովակալ: Ինչ վերաբերում է սպաներին, ապա վերջին 4 տարիներին պաշտոնաթող է արվել 952 սպա և սեփական ցանկությամբ հեռացել է 3687 սպա:
Դեկտեմբերի դրությամբ, Թուրքիայի զինված ուժերն ունեն 348 գեներալ/ծովակալ, որոնցից 314-ը բաժին են ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 33-ը՝ ժանդարմերիային և 1-ը՝ առափնյա պաշտպանությանը: Օգոստոս ամսին Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհրդի որոշմամբ՝ զինված ուժերում գործող 362 գեներալ/ծովակալների թիվը նվազեցվել էր 351-ի: Գեներաlների ու ծովակալների քանակով Թուրքիան աշխարհի չորրորդ երկիրն է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային ու Իտալիային:
Դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի զինված ուժերի թվակազմը կազմել է 644,849 մարդ: Հուլիսին այդ ցուցանիշը կազմում էր 691,317 մարդ: 2012 թվականի մարտին Թուրքիայի զինված ուժերն ունեին 714,404 զինծառայող, ինչը նշանակում է, որ վերջին 9 ամսվա ընթացքում երկրի զինված ուժերի անձնակազմը նվազել է 70,000-ով:









































