Առաջիկա տարիների ՌԴ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը հետխորհրդային տարածքն է: Ինչպես գրում է Kommersant-ը՝ այս մասին ասվում է նախագահի հրամանով ԱԳՆ-ի մշակած «ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայի» նախագծում: Կոնցեպցիայի հեղինակները զգալիորեն շեղվել են 2012-ի փետրվարին գրված` «Ռուսաստանն ու փոփոխվող աշխարհը» Պուտինի հոդվածի առանցքային դրույթներից:
Մասնավորապես, փաստաթղթում մանրակրկիտ մշակվել է թեզ այն մասին, որ Ռուսաստանին շրջապատող աշխարհը ծայրաստիճան անկայուն է, իսկ շատ խնդիրների պատճառը Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի փորձերն են` միջամտելու այլ պետությունների ներքին խնդիրներին: Արտաքին քաղաքականության կոնցեպցիայում նաև առաջին անգամ հայտնվել է «սպառնալիք ինֆորմացիոն տարածքում» հասկացությունը:
Ըստ այդ կոնցեպցիայի՝ Ռուսաստանը պետք է օգնություն ցուցաբերի համաշխարհային տնտեսության փրկության գործում՝ աջակցելով «արդար և ժողովրդավարական գլոբալ առևտրատնտեսական և արժութաֆինանսական ճարտարապետության ձևավորմանը», ինչպես նաև պետք է խանգարի պետությունների ներքին գործերի միջամտությանը՝ այդ նպատակների համար կիրառելով նոր ինտերնետ տեխնոլոգիաներ:
ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություն է համարվում հետխորհրդային տարածքը, երկրորդ տեղում Եվրամիությունն է, մասնավորապես` կառույցի հետ առանց այցագրի ռեժիմի ձեռք բերումը:
Ակնկալվում է, որ ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիան Պուտինի կողմից կստորագրվի մինչև 2012-ի վերջը:











































