ԱՄՆ իշխանությունները հերքել են տեղեկությունները, թե Լիբիայում իսլամիստ գրոհայինները գրավել են այդ երկրում ԱՄՆ դեսպանատան շենքերի ամբողջ համալիրը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կիրակի օրն այսպիսի տեղեկություն էին տարածել մի շարք մերձավորարևելյան ԶԼՄ-ներ: Բացի դրանից՝ YouTube պորտալում տեսանյութ է տեղադրվել, որում պատկերված են եղել Տրիպոլիում ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածքում զինված անձինք: Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատան համալիրը 1 ամսից ավելի դատարկ է. դրա աշխատակիցները հուլիսի 26-ին տարհանվել են Թունիս՝ կապված Լիբիայում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Մեկնաբանելով ծայրահեղականների վերահսկողության տակ համալիրի անցնելու մասին տեղեկությունը՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Դեբորա Ջոնսը հայտարարել է, որ YouTube-ում տեղադրված տեսանյութը պատկերում է միայն դիվանագիտական ներկայացուցչության բնակելի շենքն ու մոտակա տարածքը: «Որքանով ինձ հայտնի է՝ Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատան գրասենյակը և կից համալիրը հսկվում են և կողոպտված չեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջոնսը:









































