Նյու Յորքում հանրահայտ Carnegie hall-ի բեմում կայացել է «Նոր դարում նոր անուններ» համերգը: ԱՊՀ երկրների երիտասարդ երաժիշտները հանդես են եկել Մոսկվայի կամերային նվագախմբի հետ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Համերգին մասնակցել են միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ջութակահարներ Հռիփսիմե Հայրապետյանը և Ֆյոդոր Ռուդինը, դաշնակահարներ Վադիմ Խոլոդենկոն, Իրենա Գուլզարովան, սոպրանո Նինա Մինասյանը, Իլոնա Տենը, կլառնետահար Անտոն Մոյսեենկոն:
Կոնստանտին Օրբելյանը նշել է, որ Carnegie hall-ում ելույթ ունենալը գերագույն պարգև է յուրաքանչյուր կայացած արտիստի համար. «Այստեղ ելույթ են ունեցել մեծագույն կոմպոզիտորներ, դիրիժորներ և կատարողներ՝ Սերգեյ Ռախմանինովը, Իգոր Ստրավինսկին, Սվյատոսլավ Ռիխտերը, Դավիթ Օյստրախը, Յուրի Բաշմետը, Վլադիմիր Սպիվակովը, Դմիտրի Խվորոստովսկին և շատ ուրիշներ»:










































