Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մշակել է իր քաղաքացիներն Սիրիայից տարհանելու նախագիծ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովին:
ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ Սիրիայում գտնվում են «հազարավոր ռուսներ», և նրանց մի մասը հյուպատոսական հաշվառման մեջ չի գտնվում: Հիմնականում նրանք տեղի բնակիչների հետ ամուսնացած ռուս կանայք են և խառնածին ամուսնությունների երեխաները: Այժմ նախարարությունը պարզում է նրանց գտնվելու վայրը: Հյուպատոսական հաշվառման մեջ է գտնվում 5300 ռուս:
Միևնույն ժամանակ, Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդել է, որ ՌԴ քաղաքացիների և դեսպանատան անձնակազմի արագ տարհանման մասին դեռևս խոսք չի գնում, իսկ դեսպանատան մոտ դրությունը հանգիստ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ուկրաինացի լրագրողուհի Անհար Կոչնևային առևանգողները տեսանյութ են ձայնագրել, որում սպառնալիքներ են հնչում Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի քաղաքացիների հասցեին:







































