Գերմանիայի սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) անհանգստանում է Գերմանիայի տարածքում Իրաքից և Սիրիայից վերադարձած իսլամիստների կողմից ահաբեկչությունների իրականացումից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մաասենին:
Նրա խոսքերով` միայն Սիրիայում` այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց ի վեր, այնտեղ արմատական խմբավորումներին միանալու համար Գերմանիայից «մի քանի հարյուր մարդ է մեկնել»: Նշվում է, որ իսլամիստների կողմից մարտնչողների մոտ 10 տոկոսը ծնվել են քրիստոնեական ընտանիքներում և նրանց ազդեցությամբ կրոնափոխ եղել:
«Մենք կոնկրետ սպառնալիքի մասին տվյալներ չունենք, սակայն շատ ուշադիր պետք է լինենք»,- ասել է Մաասենը:
Նշվում է, որ Իրաքում գրոհայինների կողմից մարտնչում են Գերմանիայի 400 քաղաքացիներ:










































