ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին: Այս մասին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքի խոսքով՝ դա կախված կլինի նախագահների պատրաստակամությունից և ցանկությունից:
«Պետքարտուղար Քերին անձամբ պատրաստ է դերակատարաություն ունենալ կոնֆլիկտի լուծման գործում, եթե նրա մասնակցությունը կնպաստի դրան»,- ասել է Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Լարվածությունը, որ առաջացել է հուլիսի 31-ից, միջորդների համար լուրջ մտահոգության առիթ է դարձել:
Նա նշել է, որ նախորդ ամսվա վերջին տեղի ունեցած սահմանային միջադեպերը, որոնց պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել, հետ է տանում խաղաղության հասնելու գործընթացը:
«Պետք է աշխատել և կրկնապատկել մեր ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի լուծում գտնենք: Հրադադարի պահպանման ռեժիմին հավատարիմ մնալը գլխավոր նախապայմանն է, և մենք հույս ունենք, որ վերջին շաբաթների լարվածության թուլացումը կշարունակվի», – նշել է Ուորլիքը:










































