Դանիայում հայտնաբերվել է Հանս Քրիստիան Անդերսենի՝ նախկինում անհայտ հեքիաթի ձեռագիրը: Այս մասին գրում է Politiken թերթը: Փորձագետների կարծիքով՝ Անդերսենն այդ տեքստը գրել է դպրոցական տարիներին:
«Ճարպամոմը» անվանումով թուղթը, որը ստորագրված է մեծ հեքիաթասացի անունով, գտնվել է տուփի մեջ՝ 15 կգ այլ թղթերի մեջ: Հոկտեմբերին այն Օդենսե քաղաքի արխիվում հայտնաբերել է տեղի պատմության մասնագետը:
Փորձաքննությունից հետո, որը տևել է 2 ամիս, գրողի ստեղծագործության դանիացի առաջատար հետազոտողները հաստատել են դրա իսկությունը: Նրանց կարծիքով՝ Անդերսենն այն գրել է մանուկ հասակում, ընդ որում՝ դրա ոճը հիշեցնում է 1822-1826 թթ. աշխատանքները, երբ Անդերսենը հաճախում էր լատինական դպրոց:
Պատմելով մոմի կյանքի պատմությունը՝ հեքիաթասացը խոսում է կյանքում տեղ գտնելու, մարդու ներքին հակամարտության և շրջապատող դաժան աշխարհի մասին:
Անդերսենը պատմվածքներ սկսել է գրել 1820-ականների վերջից, սակայն նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1835 թվականին իր հեքիաթների առաջին հավաքածուի հրատարակումից հետո: Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են 125 լեզուներով և այդ առումով զիջում են միայն Աստվածաշնչին:








































