«Մտադրություն ունեմ առաջադրվելու նախագահի ընտրություններում: Իմ հանդիպումների ընթացքում ավելի եմ հակվում այդ տրամադրությանը: Հասարակական տրամադրություններն եմ ուսումնասիրում»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Նա իր որոշումը մեկնաբանել է այսպես. «Որովհետև ՀՀ-ում մտահոգիչ է իրավիճակը, մենք կանգնել ենք պետությունը կորցնելու վտանգի առաջ: Կա կոռուպցիա, կաշառակերություն, անօրինականություն: Կանգնած ենք ջրբաժանի առջև, որ կարող ենք հայրենիքը կորցնել: Իմ 20-ամյա լրագրողի փորձը և քաղաքական գործիչներին ճանաչելը թույլ է տալիս ասել, որ չկա գործիչ, որ կարող է փոփոխություն իրականացնել»,- ասել է Նարինե Մկրտչյանը: Իր ընտրազանգվածը համարում է ունեզուրկից մինչև խոշոր գործարարը, մեկը՝ ունեզրկությունից, մյուսն էլ՝ խաղի կանոններից ելնելով: Եվ՝ ոչ միայն նրանք. «Ես շատ եմ շփվում երիտասարդության և մտավորականության հետ, որոնք սոցիալական բազայի հիմքն են: Մտավորականությունը, որպես կանոն, չունի թեկնածու»:
Նախագահի թեկնածուն թեև ազատականության կողմնակից է, բայց չի կարծում, որ պետք է բոլոր խնդիրներից պետությունը ձեռքերը լվա. «Ես երբեմն տեսնում եմ ուսանողների, որ դասի ժամանակ քնում են, որովհետև գիշերն աշխատում են: Որովհետև ունեն ուսման վարձի խնդիր: Պետությունը ձեռքերը լվացել է, քաղաքացիների խնդիրները չի լուծում, ընդհակառակը՝ բարդել է մարդկանց ուսերին նոր խնդիրներ»:
Հեղափոխությամբ դեպի ընտրություններ կամ ընտրություններով դեպի հեղափոխություն՝ սրան է կողմնակից նախագահի թեկնածուն. «Եթե իշխանությունը խնդիր է դրել կեղծել, ուրեմն պետք է հեղափոխություն, սակայն պետք է այնպես անել, որ ընտրություններն ավարտվեն մինչև ընտրությունները, իշխանությունը զգա պարտությունը»: Իսկ թե ինչպես է քվե հավաքելու, հույսը դրել է քարոզարշավի և իր հոդվածներով, ելույթներով մարդկանց համոզելու վրա. «Քաղաքականությունը համոզելու արվեստ է, ես կհամոզեմ հասարակությանը»:
Այս պահին միասնական թեկնածուի հարցը հնարավոր չի համարում և կարծում է, որ ընդդիմության մշտական պարտությունը հենց ընդդիմության պատճառով է. ընդդիմությունը չի ունեցել վճռականություն, դրա համար էլ չի գնացել առաջ: «Նրանց պակասել է վճռականությունը, հետևողականությունը և՝ ընդդիմադիր դաշտում դավաճանությունը: Ես վճռական եմ»,- ասել է Նարինե Մկրտչյանը:
Նա նշել է, որ երբ ընտրվի, նախ վերացնելու է կոռուպցիան, ապա մշակելու է նոր Սահմանադրություն, քանի որ մերը, նրա խոսքերով, ընդունվել և փոփոխությունների է ենթարկվել կեղծիքներով:
Ն. Մկրտչյանն ընտրությունների գնում է հույսը Երևանի վրա դնելով, գյուղերում շտաբ անգամ չի բացի:











































