Պարզվել է, հնգամյա երեխայի ուղեղը «էներգետիկ հրեշ է». այն երկու անգամ ավել գլյուկոզա է օգտագործում, քան մեծահասակի ուղեղը, բացատրել են Հյուսիս-Արևմտյան համալսարանի մասնագետները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ուսումնասիրողները 36 մարդու մոտ վերլուծել են գլյուկոզայի օգտագործման դինամիկան և ուղեղի աճը: Գիտնականներն ընտրված խմբին հետևել են ծնված օրվանից մինչև չափահաս դառնալը: Պարզվել է, որ ամենից շատ ռեսուրսներ (ընդհանուր էնեգիայի 66 տոկոսը) ուղեղը օգտագործում է չորս տարեկանում, հենց այս տարիքում էլ մարդու աճը դանդաղում է:
«Երբ երեխան 4-6 տարեկան է, շատ դժվար է նրա մարմնի չափերով որոշել նրա տարիքը: Դրա փոխարեն հարկավոր է հետևել նրա վարքագծին և լսել խոսքը: Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա պատահական չէ: Այս տարիքում, մարմնի աճը փաստացի կանգ է առնում, քանի որ ուղեղը կուլ է տալիս օրգանիզմին հասանելի բոլոր ռեսուրսները»,- նշում է ուսումնասիրության հեղինակ Քրիստոֆեր Կուզավան:
Հենց այս տարիքում էլ մարդը ակտիվորեն ճանաչում է աշխարհը, որի պատճառով էլ ուղեղը մեծ քանակությամբ էներգիա է կլանում, իրենց ստացած տվյալները հիմնավորում են գիտնականները:









































