«Բազե 2014» հավաքի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, համաձայնել է այն կարծիքին, որ երևի թե ոչ բոլորն են ուրախ մեզ այնտեղ տեսնելու․ «Մենք փոքր, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միությանն անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար»:
«Առաջին լրատվականը» ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովից հետաքրքվեց՝ հնարավո՞ր է, այնուամենայնիվ, Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵՏՄ-ին չլինի՝ հաշվի առնելով անդամ երկրների ոչ բարյացակամ վերաբերմունքը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Կոլերովն ասաց․ «Իհարկե, այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը շարունակում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, և դրանք չեն դադարում, Հայաստանն ունի տնտեսական պատճառներ մեկ անգամ ևս մտածելու Մաքսային միությանն անդամագրվելու հարցի վերաբերյալ»:
Բացի այդ, քաղաքագետն ընդգծեց, որ Մաքսային միությունում նոր անդամներին ընդունելու հետ կապված որոշումները լինում է կոնսենսուսով, և եթե որևէ երկիր դեմ լինի՝ ուրեմն Հայաստանին չեն ընդունի․ «Բայց մինչ այսօր ոչ ոք չի ասել, որ դեմ է, և Հայաստանը շատ հանգիստ պատրաստում է իր փաստաթղթերը, և ոչ ոք նրան չի վռնդում: Եթե Հայստանում մտածում են, որ Մաքսային միությունում որոշումները ձայների մեծամասնությամբ կամ հրամանով է լինում, ապա սխալվում են: Կրկնում եմ, եթե Մաքսային միությունում որևէ մեկը դեմ լիներ, ապա Հայաստանը այնտեղ չէր ընդունվի ընդհանրապես»։
Կոլերովն ընդգծեց նաև, որ Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Ղազախստանի նախագահին, որը կարդացել էր Իլհամ Ալիևի նամակն առ այն, որ պետք է նկատի առնել, որ Հայաստանը Մաքսյաին միությանը կարող է անդամագրվել միայն առանց Լեռնային Ղարաբաղի․ «Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չի համաձայնում Սերժ Սարգսյանը, նա նույն բանն է ասել, ինչ Նազարբաևն ու Ալիևն են ասել. նա ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում և չի կարող Մաքսային միության անդամ դառնալ Լեռնային Ղարաբաղի հետ միասին, որովհետև մտնում է Մաքսային միություն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն։ Այդ պատճառով ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ոչ թե փաստարկված է, այլ քաղաքական»:








































