Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ուժեղացված հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման և պահպանման ուղղությամբ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից, որում ներգրավված են նաև ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունների համապատասխան ծառայությունները, ստուգայցեր են կազմակերպվել նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Լաբորատոր փորձաքննության ուղարկված բոլոր մթերքները եղել են օգտագործման համար պիտանի: Նշվել է նաև, որ մանկապարտեզներում սննդի ընդունման համար պատասխանատու անձանց համար (բուժքույր, տնտեսվար, տնօրեն) կազմակերպվելու են հատուկ վերապատրաստումներ:
«Երեք տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը հետևողական աշխատանք է տանում մանկապարտեզներում սննդի որակի ապահովման ուղղությամբ: Եվ այսօր իսկապես անընդունելի է, որ այսքան ջանքերից հետո անբարեխիղճ մի մատակարարի պատճառով ստվեր ընկավ մեր աշխատանքի վրա: Ըստ այդմ՝ եղեք ավելի խիստ, ու եթե որևէ մանկապարտեզում հայտնաբերվի սննդի պահպանման պայմանների կամ ժամկետների խախտման դեպք, ապա, վստահեցնում եմ, որ պատասխանատուները խստորեն կպատժվեն: Երեխաների սննդի հետ կապված որևէ մեկը իրավունք չունի անգամ չնչին թերացում թույլ տալու: Խորհրդակցություն հրավիրեք և բոլոր պատասխանատուներին մեկ անգամ ևս խստորեն զգուշացրեք լինել ավելի ուշադրիր ու հետևողական»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ հաղթող ճանաչված ընկերությունների կողմից մատակարարվելիք սննդամթերքի նմուշները պարտադիր կուղարկվեն փորձաքննության:









































