Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցի ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով: Էրդողանն իր քաղաքական ողջ գործունեության տարիներին ապացուցել է իր հակահայ բնույթը, բազմիցս հանդես է եկել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններով:
Առնվազն միամտություն է ակնկալել, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբևիցե կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, Արցախյան հիմնախնդրի և իրենց իսկ երկրի կողմից իրականացված աշխարհի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ավելին, ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի է բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Ելնելով վերոնշյալ իրավիճակից՝ ՍԴՀԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում Էրդողանի երդմնակալությանը կա՛մ մեր երկրից չուղարկել որևիցե պաշտոնյայի, կա՛մ մասնակցել շատ ավելի համեստ պաշտոնատար անձի միջոցով»:








































