1967թ. օգոստոսի 21-ին Բեյրութում ծնվեց ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի հիմնադիրն է։
Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար՝ SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է Elect The Dead և Imperfect Harmonies ալբոմները։ 2010թ. նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին, իսկ հաջորդ տարի խումբը շրջագայության մեկնեց ԱՄՆ և Եվրոպա:
Սերժն ունի սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ու Թուրքիային՝ ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը։
2013թ. հունիսի 25-ին թողարկվել է Սերժ Թանկյանի չորրորդ ալբոմը՝ Orca Symphony No. 1-ը։







































