«ԱՄՆ-ի հետ գործընկերության զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնայնություններից մեկն է»: Այս մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի վարչապետը, կառավարության մի շարք անդամներ և երկրի խորհրդարանի ներկայացուցիչներ երեկ եղել են բարեկամական այցով Բաթումի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավի վրա:
«Մենք ԱՄՆ-ին շնորհակալ ենք Վրաստանին իրավապահ մարմինների և երկրի պետական սահմանի, այդ թվում՝ ափամերձ պահպանության ծառայության անվտագության ապահովման համակարգի արդիականացման հարցում օգնելու համար»,- ընդունելության ավարտին ասել է Ղարիբաշվիլին:
Երեկ Վրաստանի Բաթումի նավահանգիստ բարեկամական այցով ժամանել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հածանավը: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով՝ «այդ հածանավի այցը մատնանշում է ՆԱՏՕ-ի գործընկերների և այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Վրաստանն է, հարաբերությունների խորացման ԱՄՆ ջանքերը, որոնք ուղղված են Սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն աջակցելուն»:










































