Գործադիրը այսօր քննության է առել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Հովհաննես Սահակյանը։
Նախագծի ընդունումը, ըստ հեղինակների, բխում է ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումից։ Կառավարությունը սկզբունքային առարկություն չի արտահայտել նախագծի վերաբերյալ` միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունում մշակվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նոր նախագիծ։
ԱԺ հիշյալ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ինչը նույնպես պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ։ Գործադիրն առաջարկել է նախագիծը խմբագրել, որից հետո միայն կարող է ընդունելի լինել պատգամավորների նախաձեռնությունը։