Ավստրալիայում 57-ամյա տղամարդը դարձել է կոկորդիլոսի զոհ՝ մտնելով Ադելաիդա գետ, որպեսզի ուղղի կարթը: Նա սպանվել է օգոստոսի 18-ին, կնոջ աչքի առաջ:
Ոստիկաններն ու փրկարարները սպանել են կենդանուն, որպեսզի դուրս բերեն ձկնորդի մարմինը:
Ինչպես հայտնում է «Ռադիո Ավստրալիան», դեպքը տեղի է ունեցել Դարվին քաղաքից մոտավորապես 60 կմ հեռու:
Մայքլ Ջեքսոն անունով կոկորդիլոսը հայտնի էր այդ տարածքում անսովոր գուներանգի շնորհիվ. այն կիսով չափ ալբինոս էր, ինչը հանդիպում է միլիոնից մեկի դեպքում:
Ադելաիդա գետը ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, որոնք գալիս են դիտելու, թե ինչպես են կոկորդիլոսները ցատկում ջրից՝ բռնելու պարանից կախված հավը:
Մայքլ Ջեքսոնը նույնպես որս էր կատարում նման եղանակով ու բազմիցս հայտնվել է տեսախցիկների ուշադրության կենտրոնում:
Սպանված ձկնորսի մարմինը հայտնաբերվել է 100 մետր հեռու այն տարածքից, որտեղ զբոսաշրջային նավերը կանգնում են՝ դիտելու կոկորդիլոսների ցատկերը:
Sky.com-ը հայտնում է, որ տղամարդն ու նրա կինը նախազգուշացված են եղել կոկորդիլոսների հարձակման վտանգի մասին, այնուամենայնիվ տղամարդը մտել էր ջուրը:










































