Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նշանակվել է Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի Դորնսայֆ քոլեջի հայագիտության ամբիոնի ղեկավար: Նրա նշանակման մասին օգոստոսի 14-ին հայտարարել է քոլեջի դեկան Սթիվ Քեյը:
Դեկանն ընդգծել է, որ Ս․Ղազարյանը և՛ անձնական, և՛ մասնագիտական փայլուն անցյալ ունի:
Ղազարյանն աշխատանքի է անցել արդեն երեկվանից՝ օգոստոսի 18-ից:
Միևնույն ժամանակ ընդգծենք, որ «Armenian life» պորտալի սյունակագիր Ապո Ջաբարյանը նշում է, որ Սալբի Ղազարյանի՝ այդ պաշտոնում նշանակվելը բազում հարցեր է առաջացնում: Նա մեջբերել է սոցիալական տարբեր ցանցերի օգտատերերի դժգոհությունները Ղազարյանի նշանակման կապակցությամբ: Օրինակ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Անահիտ Հակոբջանյանը գրել է․ «Ազատվե՛ք այդ խարդախից»:
Մեկ այլ օգտատեր էլ՝ Պերճ Բուլբուլյանը, զարմանք է հայտնել․ «Ի՞նչ ակադեմիական որակավորում ունի Սալբի Ղազարյանն այդ պաշտոնին նշանակվելու համար»:
Սյունակագիրը նաև ընդգծում է, որ Սալբի Ղազարյանը հայկական սփյուռքի լավագույն ներկայացուցիչներից չէ: Նրա խոսքով՝ Ս․Ղազարյանը հայկական պատմության, մշակույթի և ամերիկահայ համայնքի ամենահարմար ներկայացուցիչը չէ:
Ապո Ջաբարյանը մեջբերում է նաև այն խոշոր ֆինանսական սկանդալը, որում 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներքաշվեցին Վարդան Օսկանյանն ու Սալբի Ղազարյանը՝ կապված միլիոնավոր դոլարների լվացման հետ:
Ապո Ջաբարյանն ընդգծում է նաև, որ Google որոնողական համակարգում փնտրելիս որևէ արդյունք չի երևում, որ այդ պաշտոնի համար թեկնածու է փնտրվել: Թեկնածուների հավասար մրցակցությունն ապահովված չի եղել:











































