ԱՄՆ-ի քաղաքացի Թաքեր Բլենդֆորդը կեղծել է սեփական մահը, որպեսզի խուսափի Բրիտանիայից իր ծանոթուհու՝ Ալեքս Լանչեսթրի հետ ամուսնությունից: Այս մասին օգոստոսի 18-ին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը:
23 տարեկան երիտասարդները 2012-ի օգոստոսին ծանոթացել են Քոննեքթիքուտի համալսարանում:
Նրանց ծանոթությունը վերածվել է սիրավեպի: Մեկ տարի միասին լինելուց հետո Ալեքսը պատրաստվել է վերադառնալ հայրենիք, սակայն Թաքերը նրան առաջարկություն է արել: Դրանից մի քանի օր անց, աղջկա խոսքերով, նրանք միասին հարսանիքից են խոսել:
Երբ Ալեքսը Բրիտանիա է վերադարձել, սկսել է պատրաստվել հարսանիքին և բավականին գումար է դրա համար ծախսել:
Սակայն, որոշ ժամանակ անց նրանց մի մարդ է զանգահարել, ով ներկայացել է որպես Թաքերի հայր և պատմել է, որ երիտասարդը մահացել է ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով: Տղամարդու խոսքերով՝ վերջին մի քանի օրերին իր որդին խորը ընկճախտի մեջ է եղել:
Ալեքսը դժվար է տարել փեսացուի մահվան լուրը: Նա որոշել է զանգահարել երիտասարդի մորը, և որքան մեծ է եղել նրա զարմանքը, երբ մայրն ասել է, որ իր որդու հետ ամեն բան կարգին է:
Ավելի ուշ, Թաքերը լրագրողներին ասել է, որ վախեցել է ամուսնանալուց և որոշել է հարաբերությունները խզել հարսնացուի հետ: Սակայն իր արարքի համար զղջացել է:














































