ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանին հարցեր տա արևմտյան պատժամիջոցներից տուժելու դեպքում: Հեֆերնի խոսքով՝ այդ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ են, Հայաստանի դեմ չեն, սակայն ազդեցությունը կրելու դեպքում պետք է Հայաստանը Ռուսաստանին մեղադրի:
Հայաստանը Ռուսաստանին չի կարող, իհարկե, մեղադրել: Եթե Հայաստանը ունակ լիներ մեղադրել Ռուսաստանին, ապա կմեղադրեր Ադրբեջանին մինչև ատամները զինելու համար, կմեղադրեր Հայաստանի շահերի հաշվին կնքված և Հայաստանին կորուստներ պատճառած 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի հոբելյանները Թուրքիայի հետ կանոնավոր նշելու համար, կմեղադրեր Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ Եվրաասոցացման համաձայնագիրը շանտաժի միջոցով խափանելու համար: Սակայն Հայաստանն այս ամենի համար ոչ միայն ոչինչ չի արել իր շահերը Ռուսաստանի կայսերապաշտական ոտնձգություններից պաշտպանելու համար, այլև, ըստ էության, մեղադրել է Արևմուտքին: Օրինակ՝ Հայաստանը Եվրամիությանն էր մեղադրում, որ «և՛, և՛»-ը մերժեցին և «կա՛մ, կա՛մ» պարտադրեցին: Եվ սա այն դեպքում, երբ Եվրամիությունը «և՛, և՛»-ի մասին Հայաստանի առաջին իսկ մանիպուլյատիվ շահարկումից հետո միանգամայն հստակ ասել էր, որ իրավաբանական առումով «և՛, և՛»-ը բացառվում է և չի կարող եվրաասոցիացիան համատեղվել Մաքսային միության անդամակցության հետ:
Ասվել էր չափազանց պարզ, սակայն Հայաստանը, Ռուսաստանին մեղադրելու փոխարեն կամ գոնե լռելու և ինքն իրեն մեղադրելու փոխարեն, մեղադրում էր Արևմուտքին՝ որպես Ռուսաստանին հավատարմության ամենավերջին դրսևորում, իսկ իրականում որպես միջազգային դիվանագիտական և քաղաքական կեցվածքի ամենավերջին անհարմար դրսևորում: Այնպես որ, եթե Հայաստանը պատժամիջոցների համար Արևմուտքին չմեղադրի՝ Ռուսաստանին հավատարմության դրսևորման համար կամ էլ ուղղակի պահանջով, ապա դա արդեն իսկ կարելի է ձեռքբերում համարել:
Սակայն Հայաստանն արդեն իսկ, ըստ էության, մեղադրական ակնարկներ անում է, բարեբախտաբար, առայժմ միայն անուղղակի: Օրինակ՝ երբ Հայաստանի իշխանությունները բացահայտորեն հայտարարում են, որ արևմտյան պատժամիջոցներին հակադարձած ռուսական պատժամիջոցները ռուսաստանյան շուկայում Հայաստանի գյուղատնտեսության և վերամշակողների համար լավ հնարավորություններ են բացում, սրանով ուղղակիորեն արդարացվում են Արևմուտքի դեմ պատժամիջոցները, այսինքն՝ ըստ էության դատապարտվում է Արևմուտքը իր քայլերի համար: Եվ նման խոսքեր հնչում են վարչապետի ու նախագահի մակարդակով: Ավելին՝ սա այն դեպքում, երբ ոզնուն էլ պարզ է, որ այդ հնարավորությունները, որոնց մասին նրանք խոսում են, իրականում չկան և զուտ քարոզչական հնարքներ են: Այսինքն՝ Հայաստանը, ըստ էության, ոչ մի բան չշահելով, արդարացնում է Արևմուտքի դեմ Ռուսաստանի գործողությունները՝ այսպիսով, ըստ էության, դատապարտելով Արևմուտքին: Եվ գուցե նաև հենց սրա համար է ԱՄՆ դեսպանը հայտարարում, որ եթե Հայաստանը կորուստներ կրի, ապա թող Ռուսաստանին մեղադրի: Այսինքն՝ ԱՄՆ դեսպանը ուղղակի պատասխանում է Հայաստանի իշխանություններին՝ երևի թե փորձելով կանխել նրանց հաջորդ անխոհեմ քայլը՝ արդեն Արևմուտքին ուղղած բացահայտ մեղադրանքները, որոնց հանձնարարականները Ռուսաստանից երևի արդեն եկել են, և Հայաստանի իշխանությունները սպասում են բարձրաձայնելու ժամանակին: Երևի, ԱՄՆ-ը փորձում է իշխանություններին հետ պահել նման անխոհեմությունից:







































