Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնի է, քննարկվեց հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող լարված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Կողմերը Սոչիում հերթական անգամ հայտարարեցին, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Սոչիում տեղի ունեցած հանդիպումը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևոր է համարում այն առումով, որ տեղի ունեցավ քննարկում: «Մենք, ինչպես տեսանք, հանդիպումից հետո հարձակումներն արդեն նվազել են: Նրանք կփորձեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ գտնել»,- ասել է դեսպանը:
ԳԱԼԱ-ի լրագրողի խնդրանքով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին և պատասխանելով մեր հարցին, թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան մեր երկրի վրա և արդյո՞ք ՀՀ կառավարությունը արձագանքել է ավելի վաղ ԱՄՆ դեսպանատան զգուշացմանը, Ջոն Հեֆերնը նշել է. «Բազմաթիվ քննարկումներ են եղել պատժամիջոցների հետ կապված: Պատժամիջոցները ուղղված են դեպի Ռուսաստան, սակայն դրանք կարող են իրենց հետևանքները թողնել Հայաստանի տնտեսության վրա: Եթե Հայաստանը ուրախ չէ, նրանք պետք է մեղադրեն Ռուսաստանին»:









































