Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող առանց «տրոյական ձիերի»: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ կապված Ուկրաինա «մարդասիրական բեռ» մատակարարելու Ռուսաստանի մտադրության հետ: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նախկին նախագահի խոսքերով՝ Վրաստանի դեպքում դրանք ռուս խաղաղապահներն էին Հարավային Օսիայում:
«Այս անգամ, հուրախություն Ուկրաինայի, իրենց տարածքում ռուս խաղաղապահներ չկան, և պետք է բավարարվել միայն «մարդասիրական շարասյունով»»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև ընդգծել է, որ ամեն անգամ, երբ Պուտինը սկսում է խոսել խաղաղության մասին, նա նոր հակամարտություն է սկսում: Բացի այդ, նրա խոսքերով՝ «Ռուսաստանը սիրում է հարձակվել օգոստոսին»:
«Այդ պատճառով էլ այժմ Ուկրաինան և ողջ աշխարհը պետք է հատկապես զգույշ լինեն: Պուտինը պարտության ճանապարհին է, սակայն գլխավորն այն է, որ նրա հոգեվարքը ուկրաինացիների հավելյալ կյանքեր չարժենա»,- հայտարարել է Սաակաշվիլին: