Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությունը մտադիր է արդեն 2020 թվականին մշակել ու սկսել 5G կապի նորագույն հեռահաղորդակցական ստանդարտի օգտագործումը։ Այդ մասին հաղորդել է The Yomiuri Shimbun համազգային թերթը։
Պարբերականի տվյալներով՝ նախարարությունը ակնկալում է իր ծրագիրն իրականացնել 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի շեմին։ Հաղորդվում է, որ գիտական մշակումների բոլոր ծախսերն ընդգրկվելու են 2015թ. ֆինանսական տարվա բյուջեում։
Ընթացիկ տարեվերջին Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությունը պլանավորում է ստեղծել նաև հատուկ խորհուրդ, որի մեջ կմտնեն երկրի առաջատար հեռահաղորդակցային ընկերությունների, բջջային օպերատորների և էլեկտրոնիկա արտադրողների ներկայացուցիչներ։









































