Ֆրանսիական Կորսիկայի մայրաքաղաք Այաչո քաղաքն ուրբաթ օրը կնշի Ֆրանսիայի առաջին կայսր Նապոլեոն Բոնապարտի ծննդյան 245-ամյակը: Այս մասին հայտնում է Ria Nօvosti-ն:
Նապոլեոնը ծնվել է 1769-ի օգոստոսի 15-ին փաստաբան Կառլո Բոնապարտեի և Լետիցիայի ընտանիքում:
Կորսիկայի հանդեպ սերը Նապոլեոնին ուղեկցել է ամբողջ կյանքում, և հիմա՝ մոտ երկուսուկես հարյուրամյակ անց, կղզու բնակիչները հպարտորեն նշում են մեծագույն կորսիկացու ծնունդը:
Այաչոյում Նապոլեոնին նվիրված միջոցառումներ անցկացվում են ամեն տարի և տևում են մի քանի օր:
Այս անգամ «Նապոլեոնյան օրերը» սկսվել են օգոստոսի 13-ին: 2 օր քաղաքի բնակիչներն ու հյուրերը զինվորական շքերթներ են դիտել:
Ուրբաթ օրը հանդիսավոր արարողությունները կշարունակվեն. ցանկացողներին հասանելի կլինեն կայսեր կյանքի տարբեր շրջաններին նվիրված մեծաթիվ դրվագներ, քաղաքում կշարունակվեն շքերթները, կլինեն մի շարք պաշտոնական միջոցառումներ:
Նապոլեոնը ծառայությունը զորքերում սկսել է 1785 թվականին: 1799 թվականին նա պետական հեղաշրջում է իրականացրել, իսկ 1804-ին հռչակվել կայսր:
Նրա կայսրության անկումը սկսվել է 1812 թվականին՝ Ռուսաստանի դեմ նապոլեոնյան զորքերի պարտությամբ:
1821 թվականի մայիսի 5-ին Նապոլեոնը մահացել է: Վարկած կա, որ նրան թունավորել են:









































