Թեև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցնեում է, թե քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը չի ազատվել պաշտոնից, սակայն վերջինս արդեն երկար ժամանակ է՝ աշխատանքի չի գնում, իսկ նրա պարտականությունները իրականացնում է Վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը:
Այս օրերին բազմաթիվ անուններ շրջանառվեցին որպես ՔԿ վարչության պետի հավանական թեկնածուներ, սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վերջնական ընտրությունը կանգ է առել ոստիկանության պետի տեղակալ, անձնագրային և վիզաների հարցերով կուրատոր Արթուր Օսիկյանի վրա:
Հիշեցնենք, որ մամուլում էլ գրվեց, որ Օսիկյանի գլխին մութ ամպեր են կուտակվել անձնագրային և վիզաների վարչությունում հայտնաբերված խախտումների պատճառով:
Հիշեցնենք, որ այդ վարչությունում իրականացված ստուգումներից եւ հայտնաբերված խախտումներից հետո վարչության պետ Նորայր Մուրադխանյանն իր երկու տեղակալներով ազատվեց աշխատանքից, իսկ Օսիկյանին հաջողվեց սպրդել, թեև նշվում էր, որ այդ բացահայտումներից հետո նա լուջ խնդիրների առաջ էր կանգնել՝ արժանանալով ոստիկանության պետի զայրույթին: Այդ ամենից հետո խոսվում էր, որ Գասպարյանը հարմար առիթի է սպասում ազատվելու համար Օսիկյանից: Հավանաբար, այդ հարմար պահը հենց սա է, չնայած ոստիկանության և քրեակատարողական վարչության միջև հսկայական տարբերություն կա: Քրեակատարողական համակարգից և կալանավորների հետ ամենօրյա աշխատանքից գլուխ հանելը բավական մեծ մասնագիտական ջանքեր և փորձ է պահանջում: Չնայած ընդամենը օրերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ նշանակված Ռուբիկ Ստեփանյանը ևս ոստիկանության համակարգից է:










































