ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կքվեարկի բանաձև, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Իրաքում և Սիրիայում իրավիճակն ապակայունացնող իսլամիստների դեմ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությանը, որը օգոստոսից նախագահում է ԱԽ-ն:
«Նիստը նախատեսված է ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին)»,- հայտնել է մշտական ներկայացուցչության մամլո խոսնակ Յան Գրիֆիթսը: Նրա խոսքով՝ բանաձևի տեքստի վերջնական տարբերակն արդեն տարածվել է, և բրիտանական կողմը հույս ունի, որ այն միաձայն կընդունվի ԱԽ 15 անդամ-երկրների կողմից:
Փաստաթղթում մասնավորապես մտահոգություն է արտահայտվում առ այն, որ Իրաքի և Սիրիայի տարածքների մի մասը գտնվում են «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուրսա» խմբավորումների վերահսկողության ներքո, որոնք տարածում են «ծայրահեղական գաղափարախոսություն»՝ սպառնալով երկու երկրների կայունությանն ու անվտանգությանը: Բանաձևը նախատեսում է պատժամիջոցների ցուցակում ներառել երկու խմբավորումների կազմից 6 առանցքային առաջնորդների: Նախատեսվում են նաև ակտիվների սառեցում և արտասահմանյան ուղևորությունների սահմանափակում:
Գրոհայիններից կպահանջեն նաև անհապաղ լքել այդ երկրների տարածքները և դադարեցնել չարագործությունները: Նշվում է, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև նրանց նկատմամբ, ովքեր նավթ են գնում Իրաքում և Սիրիայում ծայրահեղականների վերահսկողության ներքո գտնվող շրջաններից:










































