Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ իր հաշվարկներով` արևմտյան պատժամիջոցներից ՌԴ ֆինանսական կորուստը երեք տարվա ընթացքում կկազմի 200 մլրդ դոլար: Սա, իհարկե, բավական պատկառելի մի թիվ է, սակայն մեզ համար շատ ավելի կարևոր է ունենալ հաշվարկներ, թե մոտավորապես ինչքան կկազմեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից այդ երկրի հետ սերտորեն փոխկապակցված Հայաստանի տնտեսության կորուստները:
Նման հաշվարկներ Հայաստանում, բնականաբար, չկան, դրանցով ոչ ոք առ այսօր լրջորեն չի զբաղվել: Ըստ որում` չի զբաղվել ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը կամ ավելի շուտ` ոչ իշխանությունը:
Իշխանությունների համար այս հարցով զբաղվելը ցանկալի չէ, ավելի լավ է զբաղվել բլեֆով և հայաստանյան գյուղացիական տնտեսությունների մասով հայտարարել, թե Ռուսաստանի շուկայում տեղ է բացվել՝ գնացեք ու զբաղեցրեք: Իրականում նման հայտարարությունները չափազանց անլուրջ հայտարարություններ են անգամ սիրողական հայացքով մի քիչ երկար նայելու դեպքում, էլ չասած մասնագիտական հայացքի պարագայում:
Հաշվել Հայաստանի կորուստները իշխանությունները չեն կարող, որովհետև այդ դեպքում պետք է հասարակությանն առաջարկեն կորուստներից խուսափելու կամ կորուստները այլ տարբերակներով փոխհատուցելու կամ մեղմելու՝ մասնակի փոխհատուցելու քայլեր: Իսկ այդպիսի քայլեր իշխանությունները չունեն, թեև գիտեն այդ քայլերը: Պարզապես ցանկություն չունեն անելու դրանք, քանի որ դա նշանակելու է սեփական, կլանային, թայֆայական արտոնություններից հրաժարում և իրապես մրցակցային ու ազատ տնտեսական և քաղաքական համակարգի, անկախ դատարանի ձևավորում: Այլ կերպ ասած` ներկայիս իշխանական համակարգի խարակիրի, ինչը, բնականաբար, իշխանությունները չեն անի:
Ինչ վերաբերում է ոչ իշխանություններին, ապա այստեղ էլ իրավիճակը շատ նուրբ է, և հաշվարկներ չեն արվի, թե որտեղ, ինչպես և ինչքան կարող է մոտավոր հաշվարկներով կորցնել Հայաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում: Խնդիրն այն է, որ այս դեպքում ընդդիմությունն էլ ստիպված է լինելու ինչ-որ գնահատականներ հնչեցնել Ռուսաստանից չափից դուրս կախվածության մեջ լինելու, Հայաստանի տնտեսությունը միակողմանիորեն Ռուսաստանին հանձնած լինելու վերաբերյալ:
Երբ գնահատում ես պատժամիջոցներից կորստի հնարավոր չափերը, բնականաբար անհնար է գնահատել մինչ այսօր, ըստ էության, «բոլոր ձվերը մեկ զամբյուղում» տեղավորելու քաղաքականությունը: Իսկ սա նշանակում է դեմ արտահայտվել Ռուսաստանից այս աստիճան կախվածությանը:
Եվ սա մի ժամանակաշրջանում, երբ ոչ իշխանական ուժերը դեռ նոր պետք է Ռուսաստանի ցանկությունները գեներացնեն հայտնի 12 կետերի տեսքով:










































