«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները թերթիկներ են բաժանում Լոնդոնի կենտրոնում՝ մուսուլմաններին կոչ անելով «խալիֆայություն տարածել ամբողջ աշխարհում»: Այս մասին հայտնում է RT կայքը:
Ուսանողուհի Ասմա Ալ-Քուֆաիշին Twitter-ում լուսանկարներ է տեղադրել, որոնցում ակտիվիստների խումբը թերթիկներ է բաժանում Oxford Circus մարդաշատ առևտրային շրջանի մոտ: Լուսանկարում երևում են «Իսլամական պետության» սև դրոշները:
Ալ-Քուֆաիշիի վկայությամբ՝ այդ մարդիկ ոչ միայն մուսուլմաններին կոչ են արել ընդգրկվել իրենց կազմակերպությունում, այլև ռասիստական հայացքներ են արտահայտել: Աղջկա խոսքով՝ «նրանք իրական իսլամը չեն ճանաչում»: Սակայն թերթիկների վրա նշված է, որ յուրաքանչյուր հավատացյալ մուսուլման պարտավոր է ձգտել խալիֆայության ստեղծման և խալիֆին՝ իսլամական նոր պետության ղեկավարին հավատարմության:
Լոնդոնի ոստիկանությանը RT-ի թղթակցին ասել են, որ այդ դպքերի մասին գիտեն, սակայն առայժմ ոչ ոք չի ձերբակալվել: Տեղեկություններ կան, որ թերթիկներ բաժանողները «Մուհաջիրուն» խմբավորումից են, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում: Միաժամանակ, արդեն մոտ 500 բրիտանացի հիմա կռվում է կառավարական զորքերի դեմ Սիրիայում և Իրաքում:
Twitter-յան իր էջում Ասմա Ալ-Քուֆաիշին մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդներին կոչ է արել միավորվել ահաբեկչությանը՝ ի դեմս «Իսլամական պետության», դիմակայելու համար:











































