«Գաղափարական ընկերներ ենք ու պատահական չենք հավաքվել, մեր համոզմունքների համար պայքարի դուրս եկած մարդիկ ենք»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ընկերների մասին ասել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Նա արդեն մոտ երկու ժամ է ելույթ է ունենում, և դատավորն էլ նրան չի կարողանում ընդհատել:
«Երբ ես եկա այն մտքին, որ Հայաստանում հեղափոխություն է պետք, դա իմ գիտակցության հասունացման հետ է ձևավորվել, որովհետև ազգայնական գաղափարներով ձևավորված մարդ եմ ու չեմ ընդունել հեղափոխությունը: Գիտակցում եմ, որ ոչ սոցիալական, ոչ քաղաքական հեղափոխություն չի կարող լինել, այլ կա միայն աշխարհընկալման հեղափոխություն: Ինչն էլ ուզում էի անել»,- շարունակել է Շանթ Հարությունյանը:
Հետո ասել է, որ մինչ իր պապը, հայրը, հորեղբայրը հայրենիքի անկախության համար էին պայքարում. «Սերժը կոմսոմոլի կարիերա էր անում Ադրբեջանում: Եկել են, տեսել Հայաստանը անկախացել է, ղեկավար են դարձել: Եթե հեղափոխությունը հաղթի, իրենք են գալու, մենք դատենք, որոշենք՝ ում համաներում շնորհենք, ում՝ չէ»:
Լուսանկարը՝ Photolure-ի









































