Երկիր մոլորակի բնակիչները օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը կարող են տեսնել Պերսեիդայի ասուպների հոսքը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ասուպների համաշխարհային կազմակերպությանը:
Այդ երևույթը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երկիր մոլորակն անցնում է փոշե մասնիկների միջով, որոնք արձակվում են Սվիֆթ Թութլի գիսաստղից: Ավազահատիկի չափի մասնիկներն այրվում են երկրի մթնոլորտում, ինչի հետևանքով «աստղային անձրև» է սկսվում: Դրա հաճախականությունն աստիճանաբար աճում է, ապա նվազում:
Որպես կանոն` հոսքը սկսվում է հուլիսի 17-ից և տևում մինչև օգոստոսի 24-ը, իսկ ամենաակտիվը լինում է օգոտոսի 12-ին, այդ օրը մեկ ժամում մոտ 60 ասուպ է ընկնում: Այս տարի աստղագետները հույս ունեն, որ ավելի շատ կլինի`մոտ 80-ից 100: Առավելագույն հոսքին կարելի է ականատես լինել Երևանի ժամանակով` օգոստոսի 12-ի ժամը 23:00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 11:00-ն:
«Աստղային անձրևին» պատրաստվում են նաև Twitter սոցկայքի օգտատերերը:







































