Կատալոնիայի իշխանությունները չեն բացառում, որ անկախության վերաբերյալ հանրաքվեն կարող է հետաձգվել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հանրաքվեն, որը կենտրոնական կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ, ծրագրվում էր անցկացնել նոյեմբերի 9-ին: Բացի դրանից՝ ինքնավարության ղեկավարությունը չի բացառում, որ քվերակությունը կանցկացվի ոչ թե հանրաքվեի, այլ համազգային հարցման ձևով:
Կատալոնիայի կառավարության փոխնախագահ ժոանա Օրտեգան RAC 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հանրաքվեն պետք է անցկացվի ըստ օրենքի, որպեսզի «գործընթացը մաքուր լինի»:
«Ես աշխատում եմ «նոյեմբերի 9-ի» համար, և եթե չստացվի, նոր «նոյեմբերի 9» կլինի: Չեմ կարող ասել՝ արդյոք դա կլինի փետրվարին (թե ուրիշ ամիս), բայց դիմումը դատարան (Սահմանադրական դատարան) չի կարող ոչնչացնել ինքնիշխանության ձեռքբերման գործընթացը, նա այն հետաձգում է, բայց չի սպանում կատալոնացիների քվեարկելու ցանկությունը»,- ասել է նա:
Իսպանիայի իշխանությունները պատրաստ են Սահմանադրական դատարանում վիճարկել հարցումների (հանրաքվեների) մասին օրենքը, որն օրենսդրական հիմք է ստեղծում հանրաքվեի անցկացման համար, որը պետք է մոտ ժամանակներս ընդունի Կատալոնիայի խորհրդարանը:
Հանրաքվեի ժամանակ նախատեսվում է 2 հարց ուղղել քաղաքացիներին. «Արդյոք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և «Եթե այո, ապա արդյոք ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա»:











































