Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշում է կայացրել օգոստոսի 27-ին արտահերթ նիստ անցկացնել: APA-ի հաղորդմամբ՝ այս որոշումը, որի մասին հայտարարել է կուսակցության մամլո խոսնակ Հուսեյն Չելիկը, կայացվեկ է կուսակցության կառավարման կենտրոնական օրգանում:
Չելիկը հայտարարել է, որ մինչև օգոստոսի 27-ը կորոշվի կուսակցության առաջնորդի թեկնածությունը, իսկ նա կընտրվի նիստը ընթացքում. «Այդ մարդը կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը»:
ԱԶԿ-ի այդ հայտարարությունը շիկացրել է Անկարայում քաղաքական իրավիճակը: Հաղորդվում է, որ այդ որոշումը կայացվել է այն պատճառով, որպեսզի Աբդուլա Գյուլին խանգարեն կուսակցության նախագահ դառնալ: Գյուլի նախագահական լիազորություններն ավարտվում են օգոստոսի 28-ին: Մինչ այդ նա իրավունք չունի վերադառնալ ԱԶԿ և կուսակցության անդամ դառնալ:
Փորձագետները կարծում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է, որպեսզի կուսակցության առաջնորդ և վարչապետ չդառնա այնպիսի ազդեցիկ քաղաքական գործիչ, ինչպիսին է Գյուլը: Կարծիքներ կան այն մասին, որ Էրդողանը ցանկանում է կուսակցության առաջնորդի և վարչապետի դերում այնպիսի մարդու տեսնել, ով կմնա իր ստվերում: Իսկ անկախ ոճ ունեցող Գյուլը այդ դերի համար հարմար չէ:







































