Rolling Stones խմբի առաջատար Միք Ջագերը և երաժիշտ Սթինգը ավելի քան 200 այլ հայտնիների հետ միասին ստորագրել են բաց նամակ՝ շոտլանդացիներին կոչ անելով քվեարկել Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի չառանձնացման օգտին՝ հաղորդում է NME-ը:
«Հույս ունենք, որ մեր երկրները կկարողանան վերականգնել կապերը: Մեզ մեծագույն բաներ են միավորում»,- ասվում է նամակում:
Շոտլանդիայում անկախության հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Նամակի նախաձեռնողներն են պատմաբաններ Դեն Սնոուն և Թոմ Հոլանդը: Գիտնականները համարում են, որ շոտլանդացիներին հարկավոր է ցույց տալ՝ նրանք, ովքեր կարող են մնալ սահմանից այն կողմ, իրականում գնահատում են մեկ երկրում ապրելու հնարավորությունը:
«Մեր հիմնական ուղերձը դրական ու էմոցիոնալ է: Մենք չենք ուզում շոտլանդական ընտրազանգվածին ցույց տալ՝ ինչպես վարվել, այլ թե մենք ինչ ենք զգում Շոտլանդիայի, Մեծ Բրիտանիայի և մեր ընդհանուր աշխարհի հանդեպ»,- հստակեցնում են Սնոուն և Հոլանդը:
Այս նամակը «Մնում ենք միասին» ակցիայի մաս է, որի շրջանակներում կարող են արտահայտվել նրանք, ովքեր հանրաքվեին քվեարկելու իրավունք չունեն:










































