Հնդիկ տեքստիլագործ մագնատ Փանքայ Փարախն իրեն 45-ամյակի առթիվ մոտ 4 կգ քաշով ոսկե վերնաշապիկ է նվիրել, հայտնում է New York Daily News-ը: Բարձր հարգի ոսկուց պատրաստված վերնաշապիկն արժե 211 000 դոլար: Գործարարը պատմել է, որ վերնաշապիկը ձեռք է բերել ոչ միայն հանրության մեջ հպարտանալու, այլև Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:
Վերնաշապիկի պատրաստման համար գործարարին պատկանող ֆաբրիկայի 20 վարպետներ աշխատել են մոտ 2 ամիս: Այն բավական էլաստիկ է ստացվել, քանի որ ոսկու շերտի տակ բարակ գործվածքե աստառ է դրվել: Այն կարելի է լվանալ սովորական լվացքի մեքենայով:
Փարախի խոսքով՝ ինքը նախկինում էլ է շատ սիրել ոսկի և տնից դուրս չի եկել առանց 2-3 կգ զարդի: Անվտանգության նկատառումով գործարարը փողոց է դուրս գալիս միայն մի քանի թիկնապահի ուղեկցությամբ:
Փարախն ընտանեկան բիզնեսով է զբաղվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մի քանի տարում կարողացել է ձեռնարկության եկամուտն ավելացնել մի քանի տասնյակ անգամ: Հնդկաստանում նա հայտնի է որպես բարերար: Նա ամեն տարի վճարում է պոլիոմելիթով հիվանդ 120 երեխայի վիրահատության համար:










































