Մեծ Բրիտանիան առաջարկում է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներին ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Մարկ Լայլ Գրանթին: Նրա խոսքերով՝ բրիտանական պատվիրակությունն արդեն նախապատրաստել է ԱԽ համապատասխան բանաձևի տեքստը:
«Այդ նախագիծը պարունակում է մի շարք տարրեր, այդ թվում՝ խստիվ դատապարտում է «Իսլամական պետության» գործողությունները, ինչպես նաև մի շարք գործնական քայլեր՝ ուղղված գրոհայինների խմբի ֆինանսավորման և այդ խմբի կողմից գրոհայիններ հավաքագրելու դեմ: Բանաձևը նաև «Իսլամական պետության» առաջնորդներին կներառի «Ալ-Քաիդա»-ի հետ կապված անձանց և կազմակերպությունների պատժամիջոցների ցուցակում: Մենք հույս ունենք այս մասին պայմանավորվել Խորհրդի մյուս անդամների հետ»,- ասել է դիվանագետը:











































