«Պատերազմը հաղթել ենք, մենք գնում ենք կռվելու»,- հպարտորեն նշում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Եթե այս իրավիճակում հողեր հանձնենք, մենք մեր հայրենի հողը, հայրենքի կտորն ենք տալիս, իսկ Ադրբեջանն արհեստական պետություն է, որը ստեղծվել է 20 թվականին՝ ուժի միջոցով: Թուրքիայի վարած հիստերիկ քաղաքականության միջոցով ուզում է տեր կանգնել մեր հայրենի հողին: Մենք բոլորս պետք է սատար կանգնենք մեր հողերին, քանի որ, եթե Աստված մի արասցե, վաղը պատերազմ լինի և տանուլ տանք, մենք աշխարհում նորից կունենանք ծեծվողի, հալածվողի, ցեղասպանություն տեսած ժողովրդի կարգավիճակ, իսկ նորմալ հայերից ոչ մեկը դա չի ուզում, քանզի մենք այդ ժողովուրդը չենք: Ցեղասպանությունից հետո մենք ուրիշ պատերազմների ենք մասնակցել՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին, Արցախյան պատերազմին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Նա նշեց, որ այսօր դեռ չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ հավաքվեն, գնան սահման. ունենք բանակ, թող դեպքերը դեռ զարգանան:
Անդրադառնալով կամավորականների՝ վերջին օրերին ԼՂՀ մեկնելուն՝ Մանվել Եղիազարյանը նշեց, որ հարյուրավոր կամավորներ գնում են ԼՂՀ, բայց այսօր ամեն կամավոր չէ, որ պետք է գնա խրամատ: Կամավորը պետք է այնպիսին լինի, որ կարողանա ոգի տալ կռվող զինվորին, ոչ թե թևաթափ անել իր պահվածքով և մտածելակերպով: Ավելին՝ նախ դրա կարիքը պետք է զգացվի, դրա հրամայականը պետք է լինի:
«Այսօր, կարծում եմ, դրա հրամայականը չկա, եթե դրա կարիքը լինի, ուժային կառույցները կբարձրաձայնեն»,- հավելեց նա:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ մենք կարող ենք փառքով դուրս գալ այս պայքարից, բայց ամեն ինչ պետք է կենտրոնացված լինի՝ ժողովուրդ, բանակ, քաղաքականություն:
«Այս պատերազմը ուրիշ կերպ է լինելու, դրա համար պետք է ավելի կազմակերպված լինել, ինքնագործունեությամբ չզբաղվել, պետք է կենտրոնացված լինեն ժողովուրդը, բանակն ու քաղաքականությունը: Այդ դեպքում մենք կարող ենք փառքով դուրս գալ: Մենք պետք է այնպիսի բանակ պատրաստենք, որ բանակ գնալուց առաջ արդեն հաղթած լինենք թշնամուն: Դա հայ ժողովրդի հրամայականն է, մեզ շատ դասեր է տվել մեր ժողովրդի պատմությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր մեր շարքերն այնքան կուռ պետք է լինեն, որ անգամ գնդակը մեր շարքերի միջով չկարողանա անցնել, մենք պետք է պատ հանդիսանանք:
«Արաբո» ջոկատի մարտիկ Կարապետ Ղազարյանը նույն էնտուզիազմով կգնա պայքարի, ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ. «Մենք պատրաստ ենք եղել, կանք ու կմնանք, հայրենիքը նույն ծնողն է՝ ո՞նց կարող ենք ուրանալ կամ խռովել, բացառվում է»:
Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ իրենք չեն կռվել հանուն շահի, կռվել են հանուն ազատության, և այսօր ձեռք են բերել անկախություն և այն կպահեն ատամներով, սրտով. սա մեր սուրբ հողն է:
«Արաբո» ջոկատի մարտիկ Ջիվան Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանում խուճապ է, իրենք չեն կարող հայ ազգի նման պայքար մղել հանուն իրենց ժողովրդի: «Իրականությունն այն է, որ մենք միշտ հզոր և ուժեղ ենք»,- հպարտորեն նշեց Ջիվան Պողոսյանը:
Մարտիկների խոսքով՝ ամենակարևորը հոգեբանական գրոհն է, ինը մեր հայերն ունեն. սա դեռ պատերազմ չէ, սա ուղղակի սրիկայություն է, որ ուզում են խառնել, բայց մենք հզոր ենք, ամուր՝ մի մարդու նման:
«Արաբո» ջոկատի մեկ այլ անդամի՝ Սարգիս Զաքարյանի դիտարկմամբ՝ մեր բանակը շատ հուսալի է. «Աստված մի արասցե, եթե մեր կարիքը լինի, մենք պատրաստ ենք: Ես ինքս պատերազմի ժամանակ եղել եմ զինվոր, 18 տարեկան էի, այնպես որ՝ ժողովուրդը թող չանհանգստանա: Մեր ապագան հուսալի ձեռքերում է, մեր բանակը շատ կայուն է»:
«Ոգին կա, չի մեռնելու, միշտ հաղթել ենք, հաղթելու ենք, կենդանի, թե մեռած՝ հաղթելուն ենք»,- ավելացրեց «Արաբո»-ի մարտիկներից Գագիկ Գասպարյանը:
Արաբոյի Սաշիկի խոսքով՝ մենք ուրիշ բան չունենք՝ բացի հայրենիքից: «Մենք կարող ենք սրտով կռվել, որովհետև մեր հայրենիքն է վտանգված: Մենք ազերիներին հաղթեցինք, որովհետև մենք մեր հողի համար էինք կռվում, իրենք՝ ուրիշի»:
«Արաբո» ջոկատի մարտիկ Ռուստամ Ղազարյանն էլ դիմեց խրամատում կանգնած զինվորներին. «Դուխներդ չգցեք, մենք մինչև մեկ-երկու ժամ ձեզ մոտ ենք լինելու, ծնողներին էլ՝ համբերություն, որ իրենց երեխեքին չդիտարկեն ինչ-որ մեկի զոհ, այլ հայրենիքի զոհ»:
«Բոլորս վաղ թե ուշ մեռնելու ենք, ավելի լավ է՝ զենքը ձեռքներիս զոհվենք»,- ասում են նրանք:
Ավելին՝ տեսանյութում:









































