ԱՄՆ-ը փորձել է խանգարել Ռուսաստանի և Իրանի միջև նավթային հուշագրի կնքմանը՝ սպառնալով պատժամիջոցներով: Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով Ռուսաստանի նախարարների կաբինետում իր աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ը փորձել է խափանել գործարքը՝ ռուսական և իրանական ընկերություններին սպառնալով պատժամիջոցներով: Սպիտակ տանը պնդում են՝ Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության կտրուկ ակտիվացումը հակասում է Իրանի դեմ դեռևս գործող պատժամիջոցներին և իրանական միջուկային ծրագրի հարցով անցած տարի ձեռք բերված միջանկյալ պայմանավորվածություններին:
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են 5 տարի ժամկետով երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում շինարարության, էլեկտրացանցային ենթակառուցվածքի զարգացման, նավթագազային ոլորտներում:
Միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Թեհրանում՝ սեպտեմբերի 9-10-ը: Ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հստակ քայլեր:
«Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտավախություն ունի, որ Մոսկվայի հետ գործարքի եկամուտները կթուլացնեն Թեհրանի շահագրգռվածությունն իր միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ փոխզիջման ձեռք բերման հարցում»:








































