Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Ավետ Ադոնցն ազատվել է Բելգիայի Թագավորությունում և համատեղության կարգով՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից և մեկ այլ հրամանագրով նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Թաթուլ Մարգարյանը՝ համատեղության կարգով նշանակվելով նաև ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար:
Ադոնցի տեղափոխությունը հետաքրքիր է այն իմաստով, որ նա, ի տարբերություն բազմաթիվ այլ դեսպանների, բավական քաղաքականացված դեմք է, ինչով էլ պայմանավորված՝ հետաքրքրությունը նրա շուրջը մնում է:
Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի խոսքերով՝ զարմանալի չեն այս տեղափոխությունները: Հայաստանի իշխանական վերնախավում վաղուց է, ինչ կադրային նշանակումներն ու ազատումները կատարվում են բացառապես անձնական նվիրվածության և շահագրգռվածության աստիճանից ելնելով: «Դե, երևի հաշվի են առել, որ նա լավ է աշխատել, և հիմա էլ ուղարկում են Իսպանիա հանգստանալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հեգնեց Վիրաբյանը՝ հավելելով. «Այս տեղափոխության մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Բելգիայում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ կան, որ ոչ մի կարգավիճակ չունեն, օդից կախված են, հնարավորություն չունեն Հայաստան գալու, և ոչ մի քայլ չի արվում օգնելու նրանց: Ես ինքս այստեղ եմ և չեմ զգում՝ Հայաստանն այստեղ դեսպանություն ունի՞, թե՞ ոչ: Երբ որ մեկին մի գործ է պետք, ժամերով պետք է հերթ կանգնել դեսպանատան դռան մոտ: Երբ որ Հայաստանից ինչ-որ պետական այր է ժամանում, հատուկենտ մարդիկ են հրավիրվում: Դրա համար էլ բոլորը խուսափում են առհասարակ դեսպանատան հետ առնչություն ունենալուց: Մեր իշխանությունները անգամ Հայաստանի ներսում հայերին բանի տեղ չեն դնում, ուր մնաց դրսում»:
Վիրաբյանի խոսքով, Ադոնցի տեղափոխությունը ավելի շատ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից է: «Ես կարծում եմ, որ այստեղ կան քաղաքական լուրջ խնդիրներ: Ադոնցը քաղաքական թիմի անդամ է՝ ԲՀԿ-ի անդամ է, իսկ ԲՀԿ-ն խնամիական կապերի մեջ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Իսկ հաջորդ նախագահական ընտրություններում Հովիկ Աբրահամյանը 100 տոկոսով առաջադրվելու է: Դրա համար, երևի թե ուժերի վերադասավորություն են անում: Դա զուտ անձնական հաշիվների խնդիր է, ներկուսակցական, ուժերի դասավորության խնդիր է: ԵՄ-ի կենտրոնը Բրյուսելն է, և վաղը մյուս օրը ընտրություններին գնահատական տալ-չտալու հարց է առաջանալու»,-կարծիք հայտնեց Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ ժամանակին Ավետ Ադոնցը Քոչարյանի հանձնարարությամբ Բրյուսելում հանդիպումներ էր կազմակերպում Ծառուկյանի և ԵՄ ներկայացուցիչների միջև, անձամբ էր դիմավորում Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանը, ինչը բավական զայրացրել էր Հայաստանյան իշխանություններին, և դեռ այդ ժամանակ գրվեց, որ որոշում էր կայացվել տեղափոխել կամ առհասարակ վերջ դնել Ադոնցի դիվանագիտական կարիերային:
Ինչևէ, Գրիշա Վիրաբյանի ասելով՝ Ադոնցի տեղափոխությամբ մյուս կողմից էլ փորձ է արվում Բելգիայում նոր, ավելի կազմակերպված դեսպան նշանակելով ամրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները: «Քանի որ Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել ԵՏՄ-ին, ապա դրան զուգահեռ պետք է դեսպանների փոփոխություններ կատարի, որպեսզի նորմալ դեսպանների միջոցով նորմալ հարաբերություններ հաստատի ԵՄ-ի հետ:
Մեր զրուցակցին արժանահավատ չի թվում այն վարկածը, որ Ադոնցի տեղափոխումը կարող էր պայմանավորված լինել դեսպանության հետ բիզնեսի համատեղումով: Մամուլում էլ գրվեց, որ նա զբաղվում է թանկարժեք քարերի ու ժամացույցների առքուվաճառքով: Վիրաբյանի խոսքով, դա անտրամաբանական է, քանի որ բոլոր դեսպաններն էլ բիզնեսով զբաղվում են: «Եթե դա է պատճառը, ապա բոլոր դեսպաններին էլ պետք է ազատեն գործից»:






































