Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանական կողմի անպատասխանատու գործողությունների հետևանքով տասնյակ մարդիկ զրկվում են իրենց կյանքից՝ ընդ որում, հիմնականում հենց իրենց բանակից: Պաշտոնական Բաքուն, թերևս, գլուխը կորցրել է նավթադոլարներից և մտածում է, որ առանց պատժվելու կարող է շարունակել իր ահաբեկչական գործողությունները, սակայն, վստահ ենք, որ այսուհետ ևս ստանալու է արժանի դիմադրություն Հայաստանի և Արցախի բանակների կողմից:
Ելնելով շփման գոտում առկա լարվածությունից, ինչպես նաև այն փաստից, որ միջազգային հանրությունն ուղղակի աչք է փակում Ադրբեջանի վայրագ գործողությունների վրա՝ Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է.
Շփման գծում ցանկացած զինվորականի և խաղաղ քաղաքացիական բնակչի արյունը և ողջ քաղաքական պատասխանատվությունը ծանրանում է պաշտոնական Բաքվի և միջազգային հանրության մանդատը ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների վրա:
Կուսակցությունը կոչ է անում Հայաստանի ռազմավարական գործընկերներին՝ ի մասնավորի Ռուսաստանի Դաշնությանը, Բաքվի արկածախնդրությանը տալ համապատասխան գնահատական՝ հաշվի առնելով վերջինիս ստանձնած պարտականությունները երկկողմ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Բացի այդ, եթե Ադրբեջանը շարունակի ահաբեկչական գործողությունները, Ս.Դ.Հնչակյան կուսակցությունը պահանջելու է Հայաստանի իշխանություններից պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու համապատասխան կոչով դիմել բոլոր բարեկամ երկրներին:
Կուսակցությունը նաև խոնարհվում է Հայրենիքի պաշտպանության ճանապարհին ընկած մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և սգում ծանր կորուստը»,- ասվում է հայտարարության մեջ:










































