Mozilla ընկերությունը, որը զբաղվում է հայտնի Firefox դիտարկիչի թողարկմամբ, հայտնել է անձնական տվյալների՝ պատահաբար ազատ հասանելիության մեջ հայտնվելու մասին: Այդ տվյալները պատկանում են ծրագրավորողներին, ովքեր գրանցված են Developer Network (MDN) ցանցում: Ընդհանուր առմամբ հասանելի են դարձել էլեկտրոնային փոստի 76 հազար հասցե և մոտ 4000 ծածկագիր:
Ինչպես հայտնել են Mozilla-ի ներկայացուցիչները, արտահոսքը տեղի է ունեցել մոտավորապես 10 օր առաջ: Ըստ ամենայնի, պատճառը MDN-ի սերվերներից մեկի տվյալների բազայում սխալն է: Նրանց խոսքով՝ վտանգավոր ակտիվություն չի նկատվել, սակայն կոտրման հնարավորությունը չի կարելի բացառել:
Ընկերությունը վստահեցրել է, որ բոլոր ծածկագրերը պահվել են կոդավորված՝ փոխանցում է Vesti-ն:












































